| 
						
													Новости												
			 | 
| 
 2019 թվականի ապրիլի 21-ին, Վիրահայոց թեմի Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Մեր Տեր  Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը  նշվեց տոնական Սուրբ Պատարագով:  Այն մատուցեց  Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:  Սուրբ Պատարագին ներկա էին Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի  նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումիում ՀՀ  գլխավոր հյութատոս Եղիշե Սարգսյանը, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության Աջարիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աբեսալոմ Ասլանիձեն, Կաթոլիկ եկեղեցու  ներկայացուցիչներ  և այլ հյուրեր:  Բաթումիի հավատացյալների հետ տոնական Սուրբ Պատարագին ներկա էին  Օզուրգեթիի հայ  համայնքի  անդամները, ինչպես նաև Փոթի քաղաքից հատուկ ժամանած ուխտավորները:  Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ քահանան  ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:  Տեր Արարատ քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և  Սուրբ Հարության շնորհավորանքը՝ ուղղված  հավատավոր հայորդիներին: Տեր Արարատը  շնորհակալություն հայտնեց  Վրաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին Հայոց Եկեղեցում  տոնական Սուրբ Պատարագին ներկա գտնվելու և  ողջունելու  կապակցությամբ:  Հավարտ Սուրբ Պատարագի, հյուրերը փոխադրվեցին «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Ողջունելով ներկաներին, կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի և Բաթումի թիվ 4 դպրոցի վրաց-հայկական դասարանի սաների և նրանց ծնողների  մասնակցությամբ Սուրբ Զատկին նվիրված հայկական ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոնի խորհուրդը:  Մասնակիցներին  պատվոգրեր հանձնելուց հետո Սուրբ Հարության ավետիսով տեղի ունեցավ զատկական հյուրասիրություն:  
 |