![]() |
![]() |
![]() |
Ս.Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր
Ս. Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը նահատակվել են Դ դարում: Ս. Ակիփսիմոսն ազգությամբ պարսիկ էր: Նա Հովսեփ քահանայի և իր Այիթալա սարկավագի հետ ձերբակալվում է Շապուհ Բ արքայի` քրիստոնյաների դեմ կիրառած հալածանքների ժամանակ: Նրանց տանում են Արբելա քաղաքը` դատվելու համար արևի գերագույն քուրմ Արդախի մոտ, սակայն նրանք հրաժարվում են երկրպագել արեգակին և կրակին: Նրանց նետում են մի մութ գուբ, ուր մնում են երեք տարի: Այնուհետև սրբերին ուղարկում են Մեդիա` հանձնելով Շապուհ արքայի դատին, ուր և Քրիստոսի սուրբ վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Ըստ վարքագրական աղբյուրների` ս. Ակիփսիմոսը գլխատվում է, իսկ Հովսեփն ու Այիթալան` քարկոծվում: Ս. Պղատոնը ծնվել է Անկյուրիայում` քրիստոնյա բարեպաշտ ընտանիքում: Դեռ մանկուց սնվել և դաստիարակվել է Ս. Ավետարանի պատվիրաններով: Վաղ տարիքից զրկվելով ծնողներից` նա վաճառում է իրեն բաժին ընկած ողջ ունեցվածքը, բաժանում այն աղքատներին և կարիքավորներին` նվիրվելով հեթանոսներին դարձի բերելու և Աստծո խոսքի տարածման համար: Քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում է և անասելի տանջանքների մատնվում: Դատավորը ոչ մի կերպ չի կարողանում նրան ետ պահել քրիստոնեությունից և կուռքերին զոհ մատուցելուց, ուստի հրամայում է, որ սրբին գլխատեն: Ս. Պղատոնը նահատակվել է 4-րդ դարի առաջին քառորդում: Նշման ամսաթիվը04.11.2008 |