1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

 

Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ:

Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ:
Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի:

Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: 

Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր Հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի ապականությունն ու կռապաշտությունը, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքին` հաստատվելով Փռյուգիայի լեռներում:

Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա: Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` Բիթրազան քաղաքի եպիսկոպոս ձեռնադրվելով: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները` Բուրաս քահանան և Շինու սարկավագը:

Նշման ամսաթիվը

10.11.2008
09.11.2009
08.11.2010
07.11.2011
12.11.2012
11.11.2013
10.11.2014
09.11.2015
07.11.2016
13.11.2017
12.11.2018
11.11.2019
09.11.2020
08.11.2021
07.11.2022
13.11.2023
11.11.2024
10.11.2025
09.11.2026
08.11.2027
13.11.2028
12.11.2029
11.11.2030