![]() |
![]() |
![]() |
Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի
Սբ. Իսահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն եւ պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում, որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգեւորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Սբ. Մեսրոպը զգում է հայ տառերի եւ հայագիր Աստվածաշունչ ունենալու կարեւորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը եւ Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձեւավորում դրանք: Տառերի գյուտից հետո Սբ. Իսահակն ու Սբ. Մեսրոպն սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում եւ թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել եւ ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Նշման ամսաթիվը12.06.2008 |