1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Հոգեգալուստ (Պենտեկոստե)

 

Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո եւ հավասար Հորը եւ Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սբ. Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սբ. Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երեւացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաեւ Միջագետքը, Հրեաստանը եւ Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը:

Հետեւաբար` այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: Հայ Առաքելական Եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» (Սբ. Հոգին աղավնու տեսքով իջել է Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ) եւ «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգությունում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացու այս առթիվ գրված աղոթքը:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որեւէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տեւում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Նշման ամսաթիվը

11.05.2008
31.05.2009
23.05.2010
12.06.2011
27.05.2012
19.05.2013
08.06.2014
24.05.2015
15.05.2016
04.06.2017
20.05.2018
09.06.2019
31.05.2020
23.05.2021
05.06.2022
27.05.2023
19.05.2024
08.06.2025
27.05.2026
16.05.2027
04.06.2028
20.05.2029
09.06.2030