Հայ երիտասարդները ծանոթանում են Թբիլիսիի հայկական հետքին Տպել

IMG 01751 

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, որոշվեց ամառային արձակուրդի օրերին կազմակերպել շրջագայություններ Թբիլիսիով՝ հայ երիտասարդներին քաղաքի տեսարժան վայրերին ծանոթացնելու և հայկական հետքը ցույց տալու ու իրազեկելու նպատակով:

2015 թվականի հուլիսի 8-ից մեկնարկեց էքսկուրսիաների շարքը: Երիտասարդների խումբը, բաժնի ուսանողության հետ աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ և ակտիվիստ, ծնունդով Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից, այժմ Ջավախիշվիլու անվան համալսարանի ուսանող Ռեվիկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջագայությունը սկսվեց Վրաստանի մայրաքաղաքի Հին շրջանից: Խմբում ընդգրկված հայ ուսանողները և բարձրդասարանցիները դիտեցին հայկական Կարմիր Ավետարան եկեղեցու փլատակները, ինժեներ Սարկիսովի նախագծով կառուցված Ալեքսանդր Մանթաշևի՝ Բամբակների շարքը, հմայվեցին Սերգեյ Փարաջանովի հուշարձանով, խմբի անդամները մտքեր փոխանակեցին տաղանդավոր ռեժիսորի ստեղծագործությունների, նրա ֆիլմերի մասին:

Էքսկուրսիայի մասնակիցները ուշիուշով դիտեցին 7-րդ դարի կառույց, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում ընթացող վերանորոգչական աշխատանքները: Այնուհետև եղան «Նորաշեն» եկեղեցում, որտեղ նույնպես ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները:

Էքսկուրսիայի առաջին օրվա վերջին կայանը Ազատության հրապարակն էր: Երիտասարդները տեղեկացան, որ այն մի քանի անգամ փոփոխել է իր անվանումը: Դեռևս 1827 թվականին կոչվել է Էրիվանյան հրապարակ՝ ի պատիվ ռուսական բանակի գեներալ Պասկևիչի, իսկ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝Լենինի հրապարակ:

Էքսկուրսիան տպավորիչ էր և հետաքրքիր, հատկապես Թբիլիսիում հայկական հետքը ուսումնասիրող Ռեվիկ Կարապետյանի պատմածով: Միանշանակ որոշվեց շրջագայությունները դարձնել շարունակական:

IMG 0184 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)