2018թ. փետրվարի 24_ին, Վիրահայոց թեմի Բաթումիի Ալ.Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում գործող գեղագիտական խմբակի սաները (ղեկավար՝ Մարետա Ապետյան) պատրաստել էին Մայրենիի միջազգային օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում: Կենտրոնի սաները մայրենիով արտասանում էին հայոց լեզվին նվիրված հայ մեծերի չափածո գործերը:Նրանք ոչ միայն վարժ և գեղեցիկ խոսք ասացին հայերենով, այլ նաև երգեցին և պարեցին մեր հայկական գողտրիկ պարերն ու երգերը, որոնք սովորել էին «Աղբյուր» երգչախմբում, (ղեկավար`Ռուզաննա Օվանիսյան) և «Հեղնար» պարի համույթում (ղեկավար`Մարիետա Պողոսյան): Այդ օրը կենտրոնը զարդարված էր տոնին պատշաճ կերպով։ Ներկա գտնվող հյուրերը, որոնց թվում էին երեխաների ծնողներն ու հարազատները,կենտրոնի ղեկավարությունը, մանկավարժները, ինչպես նաև Բաթումիի հայ հանրության ներկայացուցիչները, կարողացան գեղագիտական և հոգեկան բավականություն ստանալ ոչ միայն երեխաների ներկայացրած միջոցառումից, այլև ցուցահանդեսից, որ կազմակերպել էին նույն` գեղագիտական խմբակի երեխաները`ներկայացնելով իրենց աշխատանքները: Միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը արժևորեց միջոցառումը, որը դարձավ հայերենից կտրված այս երեխաների մեջ դեպի մայրենին սիրո արտահայտություն, պատգամեց կենտրոնի սաներին չնվազեցնել մայրենին անպայման սովորելու և տիրապետելու հետաքրքրությունն ու պատրաստակամությունը: Գեղագիտական խմբակի սաների աշխատանքների ցուցահանդեսը գնահատեց որպես մայրենի լեզվի, հայրենիքի նկատմամբ սիրո զգացումի վերարտադրություն մանկական գեղեցիկ պատկերացումներով:
Միջոցառումն ամփոփեց և գեղագիտական խմբակի աշխատանքին իր գնահատականը բերեց արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս կարևորեց հայրենիքից հեռու Ալ. Մանթաշյանցի անվան կենտրոնի ամբողջական աշխատանքը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման, բաթումահայերին դեպի իրենց արմատները բերելու, մայրենին սովորելու և սիրելու գործում: Միջոցառման ավարտին շնորհակալության խոսքով ելույթ ունեցան գեղագիտական խմբակի ղեկավարը և ծնողները:
|