Սուրբ Սարգիս զորավարի տոնը Թբիլիսիում |
![]() |
Լուրեր |
2018 թվականի հունվարի 26-ին, ուրբաթ օրը, հավատարիմ մնալով ավանդույթի ուժ ստացած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Հավարտ երեկոյան ժամերգության, ուխտավորների թափորը եկեղեցու հոգևոր հայրեր Տեր Վիրապ քահանա Ղազարյանի և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնրդությամբ, սարկավագաց դասի մասնակցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և ճանաչված նկարիչ Սուսաննա Մկրտչյանի կողմից եկեղեցուն նվիրած տոնի հրաշալի խաչվառով, ուղղվեց դեպի մայրաքաղաքի Խարփուխ թաղամասում գտնվող 1883 թվականի կառույց հինավուրց Սուրբ Սարգիս մատուռը: Քայլերթի ճանապարհին թափորը կանգ առավ և պահպանության աղերսով աղոթք բարձրացրեց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների մոտ և այնուհետև շարունակեց երթը:Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու մոտ թափորին միացան այստեղ հավաքված տարբեր տարիքի հավատացյալները՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ:
Բազմամարդ էր առաջնորդանիստ եկեղեցին:Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ այստեղ կայացավ նախատոնակ երեկոյան ժամերգություն, որին ներկա էին ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի հավատացյալներ: Թեմակալ առաջնորդը ներկաներին ուղղված քարոզի խոսքում խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների քրիստոնեության համար նահատակության Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Հունվարի 27-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Սարգսի տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հավուր պատշաճի նշվեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնը և ամենուրեք մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: |