Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի և ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի կազմավորման 90-ամյակի տոնակատարության կապակցությամբ ԱՄՆ այցի շրջանակներում ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերքով, 2017 թվականի նոյեմբերի 5-ին թեմի Փարսադինա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Պատեհ առիթով լեփ-լեցուն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սուրբ Պատարագին ներկա էին համայնքային գործիչներ, արժանավոր հայորդիներ, բազում հավատացյալներ:
Հավարտ Սուրբ Պատարագի Պատարագիչ Տեր Վազգեն եպիսկոպոսն իր եղբայրական սերը արտահայտեց ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդին, թեմական խորհրդի անդամներին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սարգիս ավագ քահանա Պետրոսյանին, արժանապատիվ Տեր Ստեփանոս ավագ քահանա Տինգիլյանին, ծխական խորհրդի անդամներին, սարկավագաց և դպրաց դասին՝ Պատարագի նպատակով հյուրընկալության և միասին հոգեպարար Սուրբ Պատարագ մատուցելու համար: Վազգեն Սրբազանը հավատացյալ հայորդիներին ներկայացրեց Վիրահայոց թեմի պատմությունը և ներկա իրավիճակը:
Վազգեն սրբազանը որպես քարոզի նյութ խոսեց Սուրբ Էջմիածնի առաքելության և համայն հայության հոգևոր միասնության մասին:
Սրբազան Պատարագի վերջավորությանը կատարվեց հայրապետական մաղթանք՝ նվիրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 18-րդ տարեդարձին:
Եկեղեցական արարողություններից հետո տեղի հայ համայնքի ավանդության համաձայն Վիրահայոց թեմի առաջնորդին հրավիրեցին քաղցր սեղանի, որի շուրջը շարունակվեց զրույցը օրվա քարոզի նյութի վերաբերյալ:
|