Ջութակահար Գարի Նալբանդյանի գեղանկարչությունը |
![]() |
Լուրեր |
Ցուցահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Գարի Նալբանդյանը հասարակությանը ծանոթ է որպես շնորհաշատ ջութակահար, միջազգային մրցույթների և փառատոների մասնակից ու հաղթող: Թերևս ճանաչված երաժիշտը օժտված է նաև իր հուզումները ներկերով արտահայտելու ի վերուստ շնորհված ձիրքով: Ցուցահանդեսի այցելուներին Գարի Նալբանդյանը ներկայացավ ռեալիստական և սյու-ռեալիստական ոճի կտավներով: Ցուցադրված աշխատանքները հարուստ ներկապնակով և մտածված վրձնահարվածներով ստեղծված այն յուղաներկ աշխատանքների մի մասն էր, որոնք ցայտել են նրա ներաշխարհից, դարձել նրա մտածումների արգասիք: Տարբեր էին նկարչի կտավները, խորհրդավոր, վերնագրված մտածելու տեղիք տվող անվանումներով, արդիական, իրատեսական, նաև երևակայական, ոչ իրական:
Շնորհաշատ նկարչին և ցուցահանդեսի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց Գարի Նալբանդյանի ստեղծագործական աշխարհը, նկարի միջոցով նրա խռովահույզ և իմաստալից հուզաշխարհի պոռթկումները: Դա ամենազորի կողմից դրված այն շնորհն է, որը երաժշտությանը համընթաց արտահայտվել է նաև նկարչության մեջ: Սրբազան հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Տեր Նարեկ քահանայի գլխավորությամբ համայնքի և կենտրոնի գործունեությանը, հաջողություն մաղթեց նախանշված մշակութային, կրթական և երիտասարդական ծրագրերի իրականացմանը:
Ինքնուս նկարիչն իր աշխատանքներից նվիրեց Վիրահայոց թեմի առաջնորդին և մշակույթի բաժնի ղեկավարին: Առաջարկություն արվեց Գարի Նալբանդյանի գեղանկարչության ցուցահանդես կազմակերպել նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում՝ ի տես թբիլիսահայ արվեստասեր հասարակության: |