Հայ մշակույթը Սևծովյան երկրների համալսարանում Տպել

glxavor 

Սևծովյան երկրների միջազգային համալսարանը իրավամբ բազմազգ մի ընտանիք է, որտեղ մասնագիտական կրթություն են ստանում աշխարհի 20 երկրների տարբեր ազգերի երիտասարդներ: Ուսանողական կյանքը այս բուհում չի սահմանափակվում միայն գիտելիքների աշխարհում խորանալով: Այստեղ բազում են նաև սպորտային, մշակութային և զվարճալի միջոցառումները: Արդեն ավանդական է դարձել տարբեր ժողովուրդների մշակույթին և ազգային այլ յուրահատկություններին նվիրված փառատոների կազմակերպումը:

2016 թվականի մայիսի 23-ին Թբիլիսիում, Սևծովյան երկրների համալսարանում կայացավ մշակութային երրորդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում համալսարանի տարբեր ազգերի ուսանողները ներկայացել էին ազգային տարազով, պատրաստել էին իրենց երկրների տեսարժանությունները ցուցադրող ստենդներ, համտեսում էին ազգային կերակրատեսակները:

Այս բուհում ուսանում են նաև 36 հայ պարմաններ ու պարմանուհիներ: Փառատոնին հայ ուսանողությունը ներկայացրել էր հայկական անկյուն: Առանձնահատուկ հարուստ ու բազմաբղետ էր ստենդը, որտեղ ցուցադրված էին ազգային ժողովրդական նվագարաններ, գորգեր, նկարներ: Բուրումնավետ ու հարուստ խոհանոցային ցուցասեղանին տեղ էին գտել ավանդական տոլման, հայկական գաթան, շաքար-լոխումը, բուրումնավետ լավաշը, ժինգյալով հացը, սուջուխը, բաստուրման և այլն...

Սևծովյան երկրների միջազգային համալսարանի հայ ուսանողներին հավուր պատշաճի հայ մշակույթը ներկայացնելու գործում աջակցություն էին ցուցաբերել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը և Թեմի երիտասարդական բաժինը: Չնայած վատ եղանակին և հորդառատ անձրևին, կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանի, իրավաբանական բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և ուսանողների հետ աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի ղեկավարությամբ հայկական բաժինը հանդես եկավ նաև փոքրիկ համերգով: Հայկական բոլոր համարները արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը, իսկ ավանդական շուրջպարը՝ ճանաչվեց փառատոնի լավագույն համարներից մեկը:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաև տարբեր զվարճալի խաղեր, մրցույթներ, ֆոտո-ցուցահանդես:

2 5 13 14 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)