Ազգային բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի այցը Վրաստան Տպել

IMG 77577 

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի ( EBRD) ամենամյա հանդիպումների և բիզնեսֆորումի շրջանակներում, 2015 թվականի մայիսի 13-15-ը Վրաստան էր գտնվում ազգային բարերար և հասարակական գործիչ, «Աիդեա» հիմնադրամի ղեկավար տիար Ռուբեն Վարդանյանը: Պարոն Վարդանյանը մայիսի 13-ին համաժողովում հանդես եկավ դասախոսությամբ, որը մասնակիցների կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ:

Թբիլիսի այցելության շրջանակներում Ռուբեն Վարդանյանը, որպես Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդիպեց Թբիլիսիի քաղաքապետ պարոն Դավիթ Նարմանիայի հետ, որտեղ քննարկվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու հոկտեմբեր ամսին նախատեսվող վերաբացման հետ կապված կազմակերպչական հարցերը: Զրույցի ընթացքում քաղաքապետ Նարմանիան արտահայտեց իր աջակցությունը եկեղեցու վերաբացման կապակցությամբ նախատեսվող ծրագրերին:

Հաջորդ օրը, մայիսի 14-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանում հայազգի գործչին ընդունեց առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով հանուն թբիլիսահայ հավատացյալների և հոգևոր դասի շնորհակալություն հայտնեց հոգաբարձուներին և անձամբ Ռուբեն Վարդանյանին՝ վիրահայության հոգևոր և մշակութային կյանքին աջակցության և պատմական-մշակութային կոթողների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար:

Սրբազան Հայրը Ռուբեն Վարդանյանի հետ միասին քննարկեց համայնքի հոգևոր, մշակութային և կրթական հետագա ծրագրերը: Ռուբեն Վարդանյանը հանդիպեց նաև եկեղեցու շինարարներին, վերականգնողներին, ինչպես նաև նախագծի հեղինակներին և աշխղեկներին: Նա գնահատանքի խոսքեր ուղղեց կատարված աշխատանքներին և տվեց իր բարձր գնահատականը եկեղեցու վերանորոգման գործընթացին:

Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդի ընկերակցությամբ, Ռուբեն Վարդանյանը հանդիպեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ պարոն Զազա Վաշախմաձեին: Պետական գործչի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգչական աշխատանքներին և եկեղեցուն վերաբերող այլ հարցեր: Գործակալության նախագահը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու եկեղեցու հանդիսավոր բացման նախապատրաստությանը: Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև տաճարի մերձակա տարածքի ու բակի բարեկարգման կոնկրետ հարցեր:

Պարոն Զազա Վաշախմաձեն ջերմորեն ընդունելով հայազգի գործչին, պատրաստակամություն հատնեց Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանի էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունների հետ միասին, մասնակցել բոլոր այն հարցերի քննարկմանը և կարգավորմանը, որոնք Հայոց Եկեղեցու ներկայացուցչությունը կառաջադրի գործակալությանը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)