Թբիլիսիում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Տպել

104 

2015 թվականի  մայիսի 1-ին, մայրաքաղաքի  թիվ 104 հայկական դպրոցում  (տնօրեն՝ Իրինա  Ժամկոչյան) Հայոց  Եղեռնի  զոհ  դարձած  մեկ ու կես միլիոն  նահատակների  հիշատակի ոգեկոչում  դարձավ   աշակերտության մասնակցությամբ գրական-երաժշտական   մոնտաժը:  Կրթօջախի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ  Կարինե Հովհաննիսյանի և  Գյուլնարա  Հարությունովայի  նախաձեռնությամբ  կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության   դատապարտման, ցասումի և հատուցման  պահանջի բանաստեղծական   ծաղկաքաղ, որն ընդգծված շեշտադրությամբ, ճիշտ  ըմբռնումով  և  բողոքի  պաթոսով  ներկայացրեցին  աշակերտները:

Դահլիճում  տեղեր էին զբաղեցրել  Վիրահայոց թեմի և «Հայասրտուն»  կենտրոնի ներկայացուցիչները, հյուրեր, ծնողներ,  մանկավարժներ ու  աշակերտներ, ովքեր   անթաքույց  հուզմունքով ունկնդրեցին  հայի տեսակը  ոչնչացնելու և վերացնելու  թուրք  չարագործների  նպատակների, մազապուրծ փրկված  հայ ժողովրդի  վերածննդի, հայոց պետականության վերականգնման  և  մայր  հայրենիքի  առաջընթացի մասին  աշակերտների  ասմունքը:  Գրական-երաժշտական  մոնտաժը  արժևորվեց  դպրոցի  սաներ Աիդա Բազոյանի, Էռնեստ Սիմոնյանի և մյուս  աշակերտների  կողմից  Ցեղասպանության հիշատակին գրված  երգերի  հրաշալի  կատարումներով:
Դպրոցի  տնօրեն  տիկին Իրինա Ժամկոչյանը   բարձր գնահատեց  աշակերտների  ելույթները և շնորհակալության  խոսքեր ուղղեց  ուսուցիչներին,  հայ  դպրոցականին  ազգասիրության և  հայրենասիրության  ոգով  դաստիարակելու  համար:
Ամփոփելով  միջոցառումը,  Վիրահայոց թեմի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ   եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր  Նարեկ քահանա  Ղուշչյանը   անդրադարձ  կատարեց  Հայոց  Ցեղասպանությունից  հետո անցած  100-ամյա ժամանակաշրջանին,  ընդգծելով, որ  չնայած ամբողջ  50 տարի  արգելվում էր  խոսել  այդ  ոճրագործության մասին, սակայն հայ ժողովուրդը  միշտ էլ  լռելյայն  հիշում  և  պահանջում էր  արդարություն: Հոգևոր Հայրը արժևորեց   Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի   հիշատակի  օրերին  աշխարհի բոլոր երկրների  արձագանքը  Ցեղասպանության արհավիրքներին և   հույս հայտնեց,  որ անպայման կգա  արդարության հաղթանակի բաղձալի օրը:  
Հուզառատ և  ոգևորիչ  միջոցառման  համար իրենց երախտիքի  խոսքն ասացին  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և  պրոֆեսոր Էմմա Ախտյանը:  
Թբիլիսահայ  համայնքում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի  շրջանակներում  հիշատակի   միջոցառումները:

IMGP0011 IMGP0027 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)