ՀՀ կառավարության նվերը Բաթումիի հայությանը Տպել

batumi 

2015 թվականի մարտ ամսին, ՀՀ կառավարության՝ ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով Վիրահայոց թեմին նվիրաբերած նյութական միջոցներով, Բաթումի քաղաքում ձեռք բերվեց շենք՝ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով:

Կառավարական ծրագիրն իրականացնելու համար Վրաստան ժամանեցին ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական պարոն Ստեփան Պետրոսյանը և հարակից երկրների համայնքների հետ տարվող աշխատանքների վարչության պետ պարոն Տարոն Շագոյանը:

Բարձրաստիճան հյուրերը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ, այցելեցին Աջարիայի ինքնավարության մայրաքաղաք Բաթումի , որտեղ տեղի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի և ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի աջակցությամբ կատարվեց համապատասխան գույքի ձեռքբերում:

Բաթումիի հայության համար, որտեղ 1885 թվականին կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցում գործում են շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ, երգչախումբ, ձեռք բերված շենք-շինությունը նոր հնարավորություններ է բացում Բաթումիում նախակրթարան, երիտասարդական կենտրոն և տարբեր խմբակներ բացելու համար:

Թեմի առաջնորդի, հյուրերի և տեղի ծխական խորհրդի համաձայնությամբ որոշվեց կենտրոնը կոչել ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի անունով:

Վազգեն Սրբազանը ուրախաբեր այս առիթով Աջարիայի հայ հավատացյալների և համայնքի անունից իր երախտագիտությունը հայտնեց Մայր հայրենիքի իշխանություններին՝ Վրաստանի հայ համայնքին ցուցաբերած մեծ աջակցության համար:

Առաջնորդարանն արդեն դիմել է Վրաստանի Ջինիշյանի հիշատակի հիմնադրամին՝ խնդրելով օժանդակել կենտրոնի վերանորոգության աշխատանքներին:

Աջարիայի հոգևոր հովվությունը և հյուպատոսությունը լիահույս են, որ Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնը սույն թվականի սեպտեմբեր ամսին իր դռները կբացի մանուկների, երիտասարդների և մշակութասեր հասարակայնության առջև:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)