Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին Տպել

104 

Նոր ուսումնական տարվա առաջին զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Թբիլիսիի միակ հայկական կրթօջախ՝Թբիլիսիի թիվ 104 դպրոցում (տնօրենի պաշտոնակատար՝ Իրինա Ժամկոչյան): Հանդիսավորապես շարված աշակերտների կողքին էին նրանց ուսուցիչները: Բազմամարդ բակում հավաքվել էին ծնողները, հյուրերը: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելու էին եկել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, «Վրաստան» թերթի աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սփյուռքահայ ազգային և հասարակական գործիչներ:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, դպրոցի շրջանավարտների խումբը, ովքեր արդեն ուսանողներ են, կատարեցին այս դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրենը շնորհավորեց բոլորին նոր՝ 2014-2015 ուսումնական տարվա առթիվ, հայտնեց, որ դպրոցը կազմ ու պատրաստ է սկսում ուսումնական տարին, հավելելով, որ տարին լինելու է հետաքրքիր , հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների,ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:

Այնուհետև Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը իր օրհնությունը հղեց ներկաներին: Ուսումնառության գործընթացում կատարված փոփոխությունների և նորույթների մասին ներկայացրեց Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը:

Դժվարություններից չվախենալու, լավ սովորելու, հայեցի դաստիարակություն ստանալու, այս երկրի արժանի քաղաքացի և իսկական հայ մեծանալու պատգամով դպրոցականներին բարեմաղթանքի ուղերձ ասացին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, նորաստեղծ Վիրահայերի միության նախագահ Նարեկ Բայանդուրյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը շնորհավորեց բոլոր այն ծնողներին, ովքեր կայացնելով ճիշտ որոշում՝ իրենց փոքրերին այսօր բերել են հայոց դպրոց, ապահովելով նրանց մայրենիով կրթությունն ու հայեցի դաստիարակությունը:

Այս օրերին Թբիլիսիում գտնվող բեյրութահայ հասարակական գործիչներ Ժիրայր Դանիելյանը և Համբիկ Մարտիրոսյանը թբիլիսահայ հասարակայնությանը և ողջ վիրահայ դպրոցականներին շնորհավորեցին նոր ուսումնական տարվա առթիվ, բարեմաղթելով հայրենիքից ոչ հեռռւ գտնվող Վրաստանում, հատկապես Թբիլիսիում պահպանել հայոց այն շունչն ու ոգին, որ դարեր շարունակ թևածել է այստեղ՝ աշխարհին տալով ազգի պանծալի զավակների:

Առաջին զանգի ղողանջներից հետո աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Իսկ այն 22 առաջին դասարանցիները, որոնց շրջանում ութը Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաներ են , ստացան գեղեցիկ նվերներ Վիրահայ միության կողմից:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների և ք.Բաթումիի բոլոր տիպի հայկական կրթօջախները:

IMGP0110 IMGP0117 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)