
Մառնեուլի շրջանի հայ համայնքներում օր-օրի նոր շունչ է ստանում հոգեւոր կյանքը: Տեղի բնակչության սերը եւ նվիրվածությունը հայ եկեղեցուն եւ քրիստոնյա հավատքին աշխուժություն է ապրում հատկապես տեղում քահանա ունենալուց հետո: Համախմբված Մառնեուլի հայ համայնքների հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի շուրջը, շրջանի բնակչությունը առանձնահատուկ ոգեւորությամբ կատարում է հայ քրիստոնյա հավատքի կանոնակարգերն ու ծեսերը, հավատարիմ իր նախնյաց հավատքին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն: Հունիսի 17-ին տոնական հանդիսություն էր Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում: Շրջանի հայ համայնքների հոգեւոր հովիվ Մովսես քահանա Աշուրյանի ձեռամբ եւ Կարմիր գյուղի բնակիչներ Վիլլեն Խաչատուրյանի եւ Արտյոմ Դանդալյանի աջակցությամբ գյուղում կատարվեց ընդհանրական մկրտություն: Տոնական ուրախությունը իշխում էր համարյա գյուղի բոլոր ընտանիքներում, քանզի տեղի տարբեր
տարիքի 36 բնակիչներ այդ օրը օծվեցին սուրբ մյուռոնով, ստանալով հոգեւոր մկրտության քրիստոնեական շնորհները: Մկրտվողների կնքահայր դառնալու պատվին արժանացավ Կարմիր գյուղի բնակիչ Արտյոմ Դանդալյանը: Մառնեուլի շրջանի հայ համայնքներում շարունակվում է ընդհանրական մկրտության գործընթացը: |