Լուրեր
|
2019 թվականի փետրվարի 16-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց ճանաչված նկարիչ, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամներ Արմեն Խոջոյանի և նրա տիկնոջ՝ Աննա Ադիյանի աշխատանքների ցուցահանդեսը և կայացավ հանդիպում արձակագիր, Վարդան Ֆերեշեթյանի հետ: Միջոցառումը նվիրված էր հայոց երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի հոբելյանական տարվան: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետները, թբիլիսահայ համայնքի անդամներ: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրահի պատերը զարդարել էին ճանաչված նկարիչների գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագիր աշխատանքների հարուստ ներկապնակը, նաև հետաքրքիր կոլաժները: Յուրաքանչյուր այցելու ակամայից մտածում էր արվեստի մեծավարպետի արտահայտած գաղափարների մասին, վերծանում այն յուրովի: Գունավառ և հարուստ երևակայությամբ ստեղծված աշխատանքների յուրօրինակ նեդաշնակում էր գրաբարից և ռուսերենից թարգմանությունների, ինչպես նաև սեփական ստեղծագործությունների մի քանի ժողովածուների հեղինակ Վարդան Ֆերեշեթյանի հետ: Արձակագիր թարգմանչի ներաշխարհի, նրա մտածելակերպի արտահայտություն դարձավ Կոմիտաս վարդապետին նվիրված էսսեն, որն իր ընթերցմամբ ներկայացրեց հեղինակը: Ցուցահանդեսը և հանդիպումը գրող-թարգմանչի հետ նաև արվեստի և գրականության երկու մշակների հոգու կանչն էր ներկայանալ Թբիլիսիում, իրենց խոնարհումը բերելով այն քաղաքին, որտեղ նախկինում իր բուռն զարգացումն է ունեցել հայ արվեստն ու գրականությունը:
|