|  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով, 2018 թվականի մայիսի 26-ին՝ Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարությանը իր մասնակցությունն էր բերել  Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում, չնայած տոնական ծրագրի հագեցվածությանը, ՀՀ նախագահը նույն օրը պատվիրակության անդամների ուղեկցությամբ, տիկնոջ հետ  այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Հայոց հինավուրց եկեղեցում  հավաքվել էին  Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, հայաբնակ տարածաշրջաններից ժամանած տեղական իշխանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, վիրահայ համայնքի անդամներ, բազում հավատացյալներ:
 Մայր հայրենիքից ժամանած հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի  հետ միասին:
 Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու բակում Հայաստաննի բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Նախագահ Սարգսյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Սայաթ-Նովայի շիրիմին:
 Եկեղեցու ներսում ՀՀ նախագահին և պատվիրակության անդամներին ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքը: Սրբազան հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց արժանավոր հայորդիներին, ում աջակցությամբ իրականացվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հիմնանորոգությունը, ներկայացրեց հնամենի եկեղեցու պատմությունը, եկեղեցու պատերին   Հովնաթանյանների և Բաշինջաղյանի որմնանկարները:
 Թեմակալ առաջնորդը խոսեց հայրենիքից դուրս հայի գերագույն նպատակի՝ լեզվի պահպանության, մշակույթի զարգացման և  Եկեղեցուն հավատարմության մասին:  Արժևորելով  վրաց իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայոց հոգևոր թեմի և հայ համայնքի նկատմամբ, վիրահայ համայնքի դերն ու կարևորությունը հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում, Վազգեն սրբազանը ընդգծեց   մայր հայրենիքի առաջընթացի, զարգացման և հաղթանակների նշանակությունը, որը  ոգևորում, հայրենասիրությամբ և ազգասիրությամբ է լցնում յուրաքանչյուր հայի հոգին, լինի դա հաղթանակների, թե հիմնախնդիրների լուծման ու  պայքարի ճանապարհ:
 Ի պատիվ ՀՀ նախագահի այցի՝ ճանաչված ջութակահար Գարի Նալբանդյանը նվագեց Կոմիտասի «Կռունկը»:
 Վիրահայ համայնքի անդամներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության նախագահը: Պարոն Սարգսյանը հորդորեց ներկաներին միշտ և ամենուրեք առաջնորդվել հայկականության զգացումով, ապրել հայի հպարտությամբ և հպարտանալ հայ լինելով, քանզի դա է մայր հայրենիքի գաղափարախոսությունը, որը վերջին օրերին հուժկու ձևով  արտահայտությունը գտավ տարբեր ածականներ ունեցող հեղափոխությամբ, դառնալով միասնության, ազգասիրության և հպարտության ոգեկոչում:
 Վիրահայոց թեմի առաջնորդը մայր հայրենիքի  նախագահ Արմեն Սարգսյանին որպես հուշ  նվիրեց IDеА հիմնադրամի կողմից հրատարակված Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցմանը նվիրված քառալեզու գիրք-ալբոմը:
 Չնայած տեղատարափ անձրևին եկեղեցու բակում Հայաստանի Հանրապետության նախագահի  և պատվիրակության անդամների ու հյուրերի ներկայությամբ ծայր առավ   ավանդական ազգային շուրջպարը՝ «Քոչարին» որպես միասնության  խորհրդանիշ: Պարը դարձավ նաև թբիլիսահայութան մասնակցությունը մայիսի 26-ին իրականացվող «Արի պարենք քոչարի» համահայկական նախագծին, որն իրականացվեց  աշխարհի տարբեր  անկյուններում բնակվող բոլոր հայերով  ի պատիվ մայիսյան  հաղթանակների և ի նշան միասնականության:
 Շուրջպարին, որին մասնակցում էին «Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն», ինչպես նաև «Անի», «Վանք» և «Ջեյրան» պարային համույթները, միացել էին նաև հարյուրավոր  մարդիկ, ահել ու ջահել:
 Ի պատիվ ՀՀ նախագահի և մյուս հյուրերի, Վիրահայոց թեմի առաջնորդարանում կազմակերպվեց հյուրասիրություն:
 |