Սուսաննա Ավետիսյանը ներկայացավ նոր ժողովածուով Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 17-ին, թբիլիսահայ ստեղծագործական միտքը և գրականասեր հասարակությունը հավաքվել էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում, որտեղ կայացավ ճանաչված, բայց իր պոեզիայով ամեն անգամ նորովի բացահայտված բանաստեղծուհի Սուսաննա Ավետիսյանի «Թռչող ջութակ» ժողովածուի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին գրողներ, բանաստեղծներ, թարգմանիչներ, հյուրեր:
Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը և խոսքը փոխանցեց Արտեմ Կիրակոզովին:
Լենինականում ծնված և Թբիլիսիում ապրող Սուսաննա Ավետիսյանը նոր անուն  չէ վիրահայ գրականասեր հանրության համար: Նրա պոեզիան միշտ էլ ընկալվել և ընդունվել է ընթերցողների կողմից: Պահպանելով համեստության սահմանագիծը, բանաստեղծուհին պարբերաբար է ներկայացել ընթերցողին արժանանալով նրա  բարձր գնահատականին և սիրուն:
Սուսաննա Ավետիսյանի նոր ժողովածուում զետեղված  բանաստեղծությունների  ոգու, շոշափած թեմաների, քնարական, խոհական և փիլիսոփայական արժեքների մասին հանգամանալից խոսեց պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը: IMG 1723
Սուսաննա Ավետիսյանի  պոեզիան  կլանող է, ընթերցողին իր գիրկն առնող և իր հետ տանող: Հիրավի այն իր կենսաթրթիռներով և ներաշխարհի արտահայտչականությամբ նույնականանում է  ընթերցողի հույզերին, ապրումներին, սակայն պահպանելով ապագայի լույսը, լավատեսությունը և կյանքի գեղեցկությունը: Այս ամենի դրսևորումը դարձավ  թիվ 104 դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանի նախաձեռնությամբ  կազմած կոմպոզիցիան, որն այնպես արտահայտչականորեն ներկայացրեցին դպրոցի ընթերցասեր և գրականասեր  աշակերտները:
 Թերթելով  «Թռչող ջութակ» ժողովածուն, խորանում ես յուրաքանչյուր տողի, արտահայտության մեջ, ապրում տառապանքի գեղեցկությամբ, ռոմանտիկ պատկերներով և կյանքի դրամայով, որ այնուհետև  բանաստեղծուհու կուռ լեզվամտածողությամբ և գեղեցիկ նկարագրությամբ տանում է դեպի նոր էջեր, որտեղ ընթերցողը տեսնում է իրեն,  իր կյանքի անցած ճանապարհը, իր կորցրած սերը, նաև լավատեսությունը կյանքի ամեն օրվա հետ, որ զարթոնք է, գարուն է,  նաև վերապրում է և  ծնունդ:
Հավատարիմ մնալով  իր նախորդ՝«Պեղումների լույսը»,  «Անհունից անհուն» ժողովածուներում  զետեղված ստեղծագործությունների  ոգուն, Սուսաննա Ավետիսյանը շարունակում է խորհրդանշանների միջոցով արտահայտել ներաշխարհը, կյանքի դրաման, որը նաև տեխնիկական կրթությամբ բանաստեղծուհու  հիշողությունների և իրականության միջև  պայքարելու  գրելաոճն է:  Բանաստեղծուհու պոեզիայից կատարած իրենց թարգմանությունները ընթեցեցին  բանաստեղծ-թարգմանիչ Վլադիմիր Սարիշվիլին և լրագրող Արտեմ Կիրակոզովը:
Բանաստեղծուհու  նոր ժողովածուից նմուշներ ընթերցեցին  դերասանուհի Մելանիա Բարսեղյանը և բանաստեղծուհի Լուսինե Վանոյանը:  
IMG 1737Գնահատանքի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և  Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: Բանախոսները բարձր գնահատեցին  նման շնորհանդեսները և  հորդորեցին այսպիսի միջոցառումներով  նորանոր ստեղծագործողների  ճանաչելի դարձնել թբիլիսահայ  գրականասեր հասարակությանը:  
Վերջում շնորհակալության իր խոսքում բանաստեղծուհի Սուսաննա Ավետիսյանը իր խոնարհումը բերեց Վիրահայոց թեմին և բոլոր կազմակերպիչներին իր նոր ժողովածուհի շնորհանդեսը այսպես գեղեցիկ կազմակերպելու համար և  հայտարարեց, որ տպագրության է պատրաստում հաջորդ ժողովածուն:
Երեկոյին քնարական շունչ հաղորդեցին  շնորհաշատ ջութակահարուհի,  Գյումրիի երաժշտական մրցույթի մրցանակակիր  Մարիաննա Կիրակոզովայի գեղեցիկ կատարումները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)