Վիրահայոց թեմի պատվիրակությանն ընդունեց Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 15-ին, Փոթի քաղաքի տոնակատարության շրջանակներում, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի պատվիրակությանը:
Վրաց միտրոպոլիտը  բարի գալուստ մաղթելով  Թեմի պատվիրակությանը, որի կազմում էին Բաթումիի Սուրբ Փրկիչ և Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության  հոգևոր հովիվ  Տեր Արարատ քահան Գումբալյանը, Վիրահայոց Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու իրավաբան Ժաննա Ավետիսովան և օպերատոր-լուսանկարիչ Սեյրան Բարոյանը: Միտրոպոլիտ Գրիգոլը իր  ողջույնները հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ում  հետ իրեն կապում են քրիստոնեական սերն ու 1եղբայրական բարեկամությունը:
Շրջայց կատարելով  նստավայրում Վրաց Եկեղեցու միտրոպոլիտը ջերմությամբ վերհիշեց իր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հպարտությամբ ցույց տվեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի կողմից  նվեր ստացած պանակեն, անդրադարձ կատարեց հայ-վրացական դարավոր բարեկամությանը և Եկեղեցիների  գործակցությանը:
Արժանապատիվ Տեր Արարատ քահանան փոխանցեց  Վիրահայոց թեմի  առաջնորդի շնորհավորանքները  Գրիգոլ միտրոպոլիտին Սուրբ Հարության տոնի, Փոթի քաղաքի տոնակատարության կապակցությամբ և թեմակալ առաջնորդի  եղբայրական սերն ու բարեմաղթանքները:  
 Այնուհետև կայացավ զրույց, որի ընթացքում միտրոպոլիտ Գրիգոլը  պատմեց  Փոթիի և Խոբիի թեմի գործունեության,  հոգևոր առաջընթացի և ծառացած խնդիրների մասին: Անդրադարձ կատարելով  հոգևոր—կրթական գործունեությանը եւ հովվական ծառայությանը, առանձնահատուկ պատմեց թեմում հիմնադրված  Աստվածաբանական-փիլիսոփայական համալսարանի մասին, 2որն ունի պետական կրթօջախի կարգավիճակ, սակայն գործում է հոգևոր թեմի հովանու ներքո:
Վիրահայոց թեմի պատվիրակության անդամները  ներկայացրեցին հայոց հոգևոր թեմի գործունեությունը, Թեմի հովանու ներքո գործող Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանց և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնները, նրանց շրջանակներում և Թեմի հովանավորությամբ  ծավալված հոգևոր-դաստիարակչական ուղղվածության աշխատանքները:
Վրաց Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտի և Վիրահայոց թեմի պատվիրակության կողմից արժևորվեցին երկու թեմերի  միջեւ առկա ջերմ փոխհարաբերությունները եւ կարևորվեց սերտ գործակցությունը, որը պետք է շարունակվի և զարգանա:
Խորին երախտագիտություն  հայտնելով առանձնահատուկ ընդունելության համար, Տեր Արարատ քահանան և Միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին  նվերներ փոխանակեցին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)