2017 թվականի նոյեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի Սուրբ խաչ եկեղեցում մասնակցեց Սուրբ Աստվածածնի տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին:Օրվա պատարագիչն էր Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց, իր օրհնությունը և գնահատանքը բերեց Տեր և Տիկին Արթուր և Աիդա Իսոյաններին այս հոյակապ եկեղեցին կառուցելու համար: Վազգեն Սրբազանը նաև ժողովրդին շնորհավորեց օրվա տոնի առիթով:
Եկեղեցի ժամանած Մեծ Արագյալի ժողովուրդը Սուրբ Պատարագի ընթացքում մասնակցեց հաղորդությանը:
Նույն օրը Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում Թեմակալ առաջնորդը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի նորընտիր քաղաքապետ Անի Մոսոյանի և շրջանի Սակրեբուլոյի վերընտրված նախագահ Սմբատ Կյուրեղյանի հետ:
Սրբազանը շնորհավորեց նորընտիր պաշտոնյաներին,մաղթելով արդյունավետ և բուռն գործունեություն՝ ի շահ ժողովրդի կյանքի բարօրության: Տեր Վազգեն եպիսկոպոսը կարևորեց հոգևոր և եկեղեցական կյանքից ներս տեղական իշխանությունների մասնակցությունը և իր գնահատանքին արժանացրեց տեղի իշխանությունների կողմից Նինոծմինդայի շրջանի գործող եկեղեցիներին ցուցաբերված օժանդակությունների համար:Հաշվի առնելով, որ ողջ Վրաստանում Անի Մոսոյանը միակ կին քաղաքապետն է, Սրբազանը այս առիթով նրան նվիրեց ծաղկեփունջ և հուշանվեր:Նորընտիր ղեկավարներին շնորհավորանքի խոսքեր ասաց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական պարոն Արտակ Գրաբսկին:
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդը աշխատանքային հանդիպում ունեցավ Ախալքալաքի շրջանային ժողովի նորընտիր անդամ Սամվել Պետրոսյանի հետ: Թեմակալ առաջնորդը հոգևոր դասի և պաշտոնեության անունից շնորհավորեց նրա ըտրությունը ժողովի կազմում, հույս հայտնելով, որ պարոն Պետրոսյանն իր տարիների փորձառությամբ օգտակար կլինի շրջանում կուտակված խնդիրների լուծման գործում:
Ապա Վազգեն Սրբազանը Արտակ Գրաբսկու հետ միասին այցելեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոն, որտեղ նրանց դիմավորեցին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը և ՀՕՄ-ի Ջավախքի մասնաճյուղի վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը: Կենտրոնում կայացավ Թեմակալ առաջնորդի հանդիպումը աշակերտության և ուսուցչական կազմի հետ:Հյուրերին ողջունեց Արտակ Գաբրիելյանը և ներկայացրեց կենտրոնում իրականացվող աշխատանքները:
Սրբազան Հայրը բարձր գնահատեց Արտակ Գաբրիելյանի գործունեությունը տարածաշրջանում և հայտնեց իր աջակցությունը կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին: Սրբազանը երիտասարդական կենտրոնին նվիրեց թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի հին թիֆլիսյան պատկերով կտավը:
Երեկոյան Վազգեն Սրբազանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ և կիսվեց վերջին օրերին Սամցխե-Ջավախք և Ծալկա կատարած այցելության իր տպավորություններով:
Օգտվելով պատեհ առիթից դիվանագետ Արտակ Գրաբսկին այցելեց նաև Ախալքալաքի Մշակույթի տուն, ինչպես նաև նկարչական դպրոց:
Ուշ երեկոյան Վիրահայոց թեմի առաջնորդը խորհրդակցական հանդիպում ունեցավ Ախալքալաքի և Նինոծմինդայի տարածաշրջանների գործող եկեղեցիներում ծառայող քահանաների և սարկավագների հետ, որտեղ քննարկվեցին հոգևոր կյանքի աշխուժացման, հավատացյալ համայնքին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր:
Վիրահայոց թեմի առաջնորդի շրջայցը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում շարունակվում է:
|