Թբիլիսահայ հավատացյալների ուխտը Նոր Վարագա վանք |
![]() |
Լուրեր |
Արդեն երկրորդ տարին տոնի օրը կազմակերպվում է թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացություն Նոր Վարագա վանք: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, հարյուրից ավելի հավատացյալներ ուխտի մեկնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Նոր Վարագա վանք (Հայաստանի Հանրապետություն): Ուխտավորներին ուղեկցում էին Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը,Վիրահայոց թեմի առաջնորդարանի պաշտոնյաներ Վալերի Բադալյանը, Լևոն Չիդիլյանը, Սուսաննա Խաչատրյանը, Եվգենյա Մարկոսյանը և համակարգող Նինա Սերոպովան: Թբիլիսահայ ուխտավորները, տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած հարյուրավոր այլ ուխտավորների հետ միասին, մասնակցեցին Սուրբ Վարագա տոնի առիթով Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ ասաց օրվա խորհրդի՝ Վարագա Սուրբ խաչի, Տիրոջ փրկչական խաչի փոքրիկ մասունքի երկրպագության, Բագրատ Սրբազանն իր օրհնությունը հղեց տարբեր թեմերից հոգևոր հայրերի առաջնորդությամբ ժամանած ուխտավորներին, ջերմագին խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, հոգևոր հորը և Թբիլիսիից ժամանած ուխտավոր հավատացյալներին, ովքեր ամեն տարի հոծ թափորով գալիս և նորոգում են իրենց ուխտը 10-րդ դարի հնագույն այս վանքում: Տոնի առիթով հինավուրց եկեղեցուն թբիլիսահայ հավատացյալների անունից Մայր Աստվածածնի սրբապատկերը նվիրեց մանրանկարիչ Մերուժան Շահումյանը: Այնուհետև, Նոր Վարագա վանք բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Տիրոջ խաչափայտի մասունքը: Նշենք, որ Վարագա Սուրբ խաչը պահվում է այն ճաճանչում, որը 1902 թվականին պատրաստվել է Իրանի Սանգիբարան գյուղում:
Հավարտ Սուրբ Պատարագի, Նոր Վարագա վանքի հարակից տարածքում Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոսի նախագահությամբ և տարբեր թեմերից ժամանած հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Հոգևոր հայրերը սիրով օրհնեցին ուխտի մատաղը, որը բաժանվեց ժողովրդին: Թբիլիսահայ ուխտավորներին մատաղի հյուրասիրություն էր կազմակերպել Շամշադինի շրջանի Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչի քավոր Գալուստ Մելքումյանը: Իսկ «Իդեալ» համակարգի ղեկավարը նվիրատվություն կատարեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի համար: Ուշ երեկոյան թբիլիսահայ հավատացյալները հոգևոր նոր լիցքով վերադարձան Թբիլիսի: |