Տպել

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օր

 

Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր եւ շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից, նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ, Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեեւ Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում, հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանեսը վախճանվել է 341 թվականին եւ թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարեւան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատաակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, Սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ եւ ուներ երկու  զավակ` Պապ և Աթանագինե: 341 թվականին ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թվականին բրածեծ նահատակվում է եւ ամփոփվում Թորդանում: Դանիել Ասորի եպիսկոպոսը, որ հռչակված էր սրբակյաց կենցաղով եւ ծերության ժամանակ մենակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Առաջին հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է արքային` մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները` Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:

Նշման ամսաթիվը

12.07.2008
01.08.2009
24.07.2010
05.02.2011
28.07.2012
20.07.2013
08.02.2014
25.07.2015
16.07.2016
04.02.2017
21.07.2018
09.02.2019
01.08.2020
24.07.2021
05.02.2022
29.07.2023
20.07.2024
08.02.2025
25.07.2026
17.07.2027
05.02.2028
21.07.2029
09.02.2030