Տպել

Բարեկենդան Առաջավորաց Պահոց

 

Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:

Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:

Նշման ամսաթիվը

13.01.2008
01.02.2009
24.01.2010
13.02.2011
29.01.2012
20.01.2013
09.02.2014
25.01.2015
17.01.2016
05.02.2017
21.01.2018
10.02.2019
02.02.2020
24.01.2021
06.02.2022
29.01.2023
21.01.2024
09.02.2025
25.01.2026
17.01.2027
06.02.2028
21.01.2029
10.02.2030